×

Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումն ու գործունեության իրավական հիմքերը

ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վարչական դատարանները։ Նույն հոդվածը սահմանում է, որ օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ, իսկ արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:2021 թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և հակակոռուպցիոն դատարանը ներդրվեց որպես մասնագիտացված դատարան։Այս փոփոխությունը միտված էր պայքարելու կոռուպցիայի դեմ՝ ավելի արդյունավետ և կենտրոնացված համակարգի ստեղծման միջոցով։

 

anti corruption

2019 թ. հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշմամբ նախատեսվեց հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը՝ որպես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխություն։

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2020 թ. հուլիսի 31-ին իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ, որով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում առաջարկվեց ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Նախագծերի փաթեթի մեջ նշվում էր, որ կոռուպցիոն բնույթի գործերով արդարադատություն իրականացնող մարմնին՝ դատարանին բավարար չափով ուշադրություն չի դարձվել և հատուկ պահանջներ չեն նախատեսվել՝ չնայած կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների բարդությանը և հանրային բարձր վտանգավորությանը։ Մինչդեռ անհամաչափ մեծ է եղել ուշադրությունը կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների քննության և այդ քննության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման նկատմամբ (կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված քննչական մարմիններ և քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող և դատարաններում մեղադրանք պաշտպանող հատուկ դատախազներ նախատեսելու միջոցով)։

Որպես ուսումնասիրված միջազգային փորձ (որտեղ գործում են հակակոռուպցիոն դատարաններ) և որպես մոդելային օրինակներ, նշվում էին հետևյալ երկրները՝ Աֆղանստան, Բանգլադեշ, Բոտսվանա, Բուլղարիա, Բուրունդի, Կամերուն, Խորվաթիա, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, Մադագասկար, Մեքսիկա, Շրի Լանկա, Նեպալ, Պակիստան, Պաղեստին, Ֆիլիպիններ, Սենեգալ, Սլովակիա, Ուկրաինա, Ուգանդա, Տանզանիա, Թայլանդ։

 

Լրամշակված և արդեն ընդունված ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ներկայումս Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից 10-ը մասնագիտացված են ՀՀ Քրեական օրենսգրքի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված գործերով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի համար ամրագրվել է առնվազն 12 դատավորի թվակազմը, որից առնվազն 6-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործում է 10 դատավորի թվակազմով։

 

Հակակոռուպցիոն դատարանները պաշտոնապես սկսեցին գործել 2022 թ.: Նորաստեղծ դատարանի նպատակն էր՝ ապահովել կոռուպցիոն գործերի արդար ու անաչառ դատավարություն՝ այդպիսով խթանելով իրավական համակարգի հանդեպ վստահությունը:
2022 թ. փետրվարի 9-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթի արդյունքում ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 23-ին ընդունվել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի հիման վրա ստեղծվեց հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը, որն իրականացնում է նշյալ գործերով վերաքննության կարգով քննությունը։

Ըստ օրենսդրական հիմնավորումների, կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված դատարանները նպաստում են արդարադատության արդյունավետությանը, ամբողջականությանը և մասնագիտացվածությանը։ Մասնավորապես նշվում էր, որ արդյունավետության տեսանկյունից հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու անհրաժեշտության առաջնային գործոնը հանդիսանում է նմանատիպ դատարանների միջոցով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով արդարադատության բարձրացումը, հաշվի առնելով այն, որ զարգացող կամ անցումային փուլերում գտնվող պետությունների արդարադատության համակարգերում շատ հաճախ գործերի քննությունը ձգձգվում է տարբեր պատճառներով։

 

Ամբողջականության մասով հիմնավորումը կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ,  անկախ  և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելու ձգտումն էր։ Վերջին՝ մասնագիտացվածության հիմնավորումն այն էր, որ բազմաթիվ կոռուպցիոն գործեր, մասնավորապես այնպիսինները, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանսական գործարքներ և տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը և սրա համար անհրաժեշտ էր ոլորտային մասնագիտացվածություն ունեցող դատական կազմ ունեցող դատարան ստեղծել։

info

Հակակոռուպցիոն դատարանի մանդատը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները, ինչպես նաև` դատախազի կողմից հարուցված՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։

Կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թ․ մարտի 25-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հավելվածով սահմանվել է «Կոռուպցիոն հանցագործությունների ցանկ»-ը՝ առանձնացված կոռուպցիոն հանցագործության տեսակներով։

 

Միևնույն ժամանակ ՀՀ Դատախազության մասին օրենքի համաձայն դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում հակակոռուպցիոն դատարանում այն բացառիկ դեպքերում, երբ՝ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու գործերով:

Հակակոռուպցիոն դատարանի դերը կոռուպցիայի դեմ պայքարում

Ըստ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորումների, «… կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանը՝ խթանելով դրա զարգացումը»։  Այնուամենայնիվ, այստեղ հարկ է նկատել, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման 2021 թ. համաթվի արդյունքներով 49 միավոր է եղել, 2022 թ. արդյունքներով արձանագրվել է նվազեցում 3 միավորով՝ դառնալով 46 միավոր, իսկ 2023 թ. կոռուպցիայի ընկալման սանդղակով համաթիվն ավելացել է 1-ով և այժմ 47 է։ Այսինքն, 2021 թ. համեմատ նվազում կա երկու միավորով։

 

info

Կոռուպցիայի ընկալման համաթիվը (Corruption Perceptions Index — CPI) համաշխարհային ցուցանիշ է, որը գնահատում է տարբեր երկրների պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը: Այն հրապարակում է Transparency International կազմակերպությունը:

 

CPI-ը հիմնված է փորձագիտական գնահատականների և բիզնես համայնքի կարծիքների վրա և արտացոլում է, թե որքանով է կոռուպցիան ընկալվում որպես խնդիր տվյալ երկրի պետական կառավարման ոլորտում: Ըստ այս ցուցանիշի, երկրները դասակարգվում են ըստ միավորների՝ 0-ից (խիստ կոռումպացված) մինչև 100 (ոչ կոռումպացված)։