×

Արդարադատության բարոմետր ծրագրի նպատակներն են`

top-border left-border

Վերականգնված վնասը՝ քաղաքացիական գործերով

top-border left-border

Տվյալներ՝ քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ

Հայցապահանջը և վերականգնված վնասը՝ քաղաքացիական գործերով

Տվյալներ՝ քրեական գործերի քննության վերաբերյալ

Պատժի քաղաքականությունը՝ քրեական գործերով

Որոշիչ գործոններ և օրինաչափություններ՝ քաղաքացիական և քրեական գործերով

Ծրագրի եզրահանգումներ

2022 թ․ ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով էականորեն ընդլայնվել է կոռուպցիոն հանցագործությունների սուբյեկտների շրջանակը՝ ներառելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի աշխատակիցներին, ինչը նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակությանը:

Նոր քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմի վերացումը կարող է նվազեցնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումը: Թեև խրախուսական մեխանիզմի՝ նախկինում կիրառվող եռօրյա ժամկետը չափազանց սեղմ էր, սակայն օրենսդրական այդ թերությունը պետք է շտկվեր նշված ժամկետի երկարացմամբ, այլ ոչ թե՝ խրախուսական նորմի ամբողջական վերացմամբ։

Քաղաքացիական գործերով հակակոռուպցիոն դատարանի առարկայական ընդդատությունը որոշելիս կարևորություն է տրվում ոչ թե վեճի բնույթին, այլ՝ սուբյեկտային կազմին, այն է՝ պետությանը պատճառված վնասի գործերով դատախազության հայցվոր լինելու հանգամանքին, որպիսի չափանիշի կիրառությունը չունի հետևողական բնույթ և չի հանգեցրել քաղաքականության միասնականության ապահովմանը։ Արդյունքում, պետական շահերի պաշտպանության նպատակով դատախազության կողմից վարչական դատարանին ներկայացված գործերը չեն հանձնվել հակակոռուպցիոն դատարանի առարկայական ընդդատությանը։ Մյուս կողմից, հակակոռուպցիոն դատարանի ընդդատության հարցերը որոշելիս որևէ կերպ գնահատված չէ դատական վեճերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնակցության գործոնը։

Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն ստացած դատավորների նշանակումն՝ առանց բարեվարքության արդյունքները հրապարակային դարձնելու, կարող է խոչընդոտել թե հակակոռուպցիոն դատարանների, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը:

Հակակոռուպցիոն վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում որպես դատավորներ ներգրավված են մեծ թվով նախկին դատավորներ, մինչդեռ առաջին ատյանի դատարանում հիմնականում ներգրավված են նախկին դատախազներ և քննիչներ։ Դատական համակարգում նախընթաց փորձ ունեցող անձանց (օրինակ, դատավորների օգնականների) թվաքանակը՝ առաջին ատյանի դատավորների կազմում, ևս նկատելի է:

Դատական ակտերի հրապարակայնության խնդիրը, հատկապես հակակոռուպցիոն դատարանի դեպքում, լուրջ մարտահրավեր է դատական գործընթացների թափանցիկության ապահովման գործում: Թեև ակտերի հրապարակումը նախատեսված է օրենսդրությամբ, դրանց հասանելիությունը հաճախակի խաթարվում է տեխնիկական խնդիրների պատճառով։

Հրապարակված դատական ակտերում պատշաճ ուշադրություն չի դարձվում կողմերի անձնական տվյալների պաշտպանությանը և հաճախ երևում են անգամ անձանց անձնագրային տվյալները։

Հակակոռուպցիոն դատարանում, որպես կանոն, գործերի քննության անհարկի ձգձգումներ չեն լինում: Նիստերը հաճախակի են նշանակվում, իսկ դրանց հետաձգումները լինում են հիմնականում օբյեկտիվ պատճառներով։

Որոշ դատական գործեր ձգձգվում են ընդհուպ մինչև մեկ տարի, քանի որ դատարանների միջև ծագում են վարույթի առարկայական ընդդատության վեճեր։

Քաղաքացիական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մեխանիզմները կարող են գնահատվել որպես հակասահմանադրական, քանի որ դրանք նախատեսված չեն և չեն բխում «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքից: Ընդ որում, վարույթի առարկայական ընդդատության հարցի լուծման արդյունքում կայացված որոշումներն անբողոքարկելի են և դրանց քննարկմանը մասնակից չեն դառնում դատավարության կողմերը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի ծագման օրինականության ուսումնասիրության տասը տարվա ժամանակահատվածի երկարաձգումը՝ մինչև 1991 թվականը, գործնականում խնդիրներ է ստեղծում՝ ապացույցների բացակայության պատճառով։ Ուսումնասիրության ժամանակահատվածի ընդլայնումն՝ առանց հստակ հիմնավորման, առաջացնում է իրավական անկանխատեսելիություն և խոչընդոտում է արդար դատաքննությանը:

Դատարանների կողմից դատական ակտերում միևնույն (կրկնվող) նախադեպերի կիրառությունը հաճախ ձևական բնույթ ունի: Այն դեպքերում, երբ նախադեպի կիրառության համար հաշվի չեն առնվում գործի փաստական հանգամանքները, կիրառված նախադեպերը պարզապես ծանրաբեռնում են դատական ակտերի տեքստը՝ չձևավորելով հավելյալ արժեք:

Հակակոռուպցիոն գործերը հաճախ պահանջում են տնտեսական, ֆինանսական կամ տեխնիկական գիտելիքներ, սակայն ֆինանսատնտեսական փորձաքննություններ նշանակելու միջնորդությունները հակակոռուպցիոն դատարանների կողմից, որպես կանոն, մերժվում են, իսկ hակակոռուպցիոն դատարանները համալրված չեն համապատասխան մասնագետներով։

Հաճախ դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ, ինչի մասին պատասխանողը պատշաճ կերպով չի ծանուցվում։ Արդյունքում գործը քննվում է առանց պատասխանողի ներկայության և վերջինս այս մասին իմանում է միայն իր դեմ դատական ակտի կայացումից հետո։ Վերաքննիչ դատարանը բողոքարկման արդյունքում հաճախ բեկանում է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պատասխանողի՝ պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքով պայմանավորված։

Հակակոռուպցիոն դատարանների կենտրոնացվածությունը միայն Երևան քաղաքում խնդիրներ է ստեղծում դատարանների ֆիզիկական հասանելիության և մատչելիության տեսանկյունից։

Քրեական գործերի մեծ մասը՝ մոտ 60%-ը քննվել են համաձայնեցման վարույթով և շուրջ 18%-ը՝ արագացված վարույթով: Մեղադրյալների 94%-ի նկատմամբ կայացվել է մեղադրական, 6%-ի նկատմամբ՝ արդարացման դատավճիռ: Մեղադրյալների 47.4%-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Դատարանը քաղաքացիական գործերի քննության արդյունքում վճռել է հօգուտ Հայաստանի Հանրապետության պատասխանողներից բռնագանձել պետությանը պատճառված 7,466,886,885 ՀՀ դրամի վնաս: Այսպիսով, վերականգնվող վնասի չափը կազմել է պատճառված վնասի 84.7%-ը (բոլոր գործերով հայցապահանջի ընդհանուր չափը 8,814,588,370 դրամ էր):

Քաղաքացիական գործերով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունները, որպես կանոն, հաստատվում են դատարանի կողմից: Մինչ այս պահը դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնություններ չեն եղել:

Հաշտության համաձայնությամբ ավարտված գործերում վերականգնված վնասի չափը բավական մեծ է՝ 2,707,634,065 դրամ, ինչը կազմում է դիտարկված մյուս բոլոր գործերի քննության արդյունքում վերականգնված վնասի շուրջ 36%-ը: Հաշտության համաձայնությամբ գործն ավարտելու պրակտիկան թույլ է տալիս էականորեն խնայել ինչպես մարդկային ռեսուրսն ու ժամանակը, այնպես էլ՝ բոլոր կողմերի ֆինանսական ծախսերը: Թեև այս հանգամանքները վկայում են հաշտության համաձայնության ինստիտուտի արդյունավետության օգտին, վերջինս դեռևս լայնածավալ կիրառություն չունի: ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչները դա մեկնաբանում են հիմնականում ապօրինի գույքի ծավալի շուրջ կողմի և դատախազության մոտեցումների տարբերությամբ (անհամաձայնությամբ):

Քաղաքացիական գործերում հայցի բավարարման (ամբողջությամբ կամ մասնակի) և հայցի մերժման համամասնությունը գրեթե հավասար է՝ 48% և 49% համապատասխանաբար[ Պետք է հաշվի առնել, որ այստեղ տարբերակված չէ ապօրինի գույքի բռնագանձման՝ բավարարված կամ մերժված հայցերի վիճակագրությունը՝ հաշվի առնելով նմանատիպ հայցերով ավարտված գործերի սահմանափակ քանակը: Ներկայացված վիճակագրությունը վերաբերում է բոլոր տեսակի հայցերին: ]: Բերված թվերն անուղղակի վկայությունն են այն բանի, որ դատարանը չի առաջնորդվում «մեղադրական մոտեցմամբ» (ինչը հայաստանյան դատական համակարգին ներկայացվող հաճախակի քննադատական տեսակետներից է) և չի բավարարում դատախազության ներկայացրած անխտիր բոլոր հայցերը: Այսպիսով, հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական գործերի քննության ելքերը հավասարակշռված պատկեր են ներկայացնում:

Թեև հակակոռուպցիոն դատարանում գործերի քննության ժամկետները համեմատաբար սեղմ են և ողջամիտ ժամկետները հիմնականում պահպանված են, սակայն տևական է դատարանում գործը վարույթ ընդունելու ժամանակահատվածը: Քաղաքացիական գործերի զգալի մասում (38%) գործը վարույթ ընդունելը (վերջնական դատական ակտը կայացրած դատավորի կողմից) տևում է 4 ամսից մինչև 6 ամիս: Նշանակալի է նաև այն գործերի ծավալը (26%), որոնց վարույթ ընդունելու տևողությունն ավելի երկար է՝ կես տարուց մինչև մեկ տարի: Վերջապես, քիչ չէ այն գործերի ծավալը (7%), որոնց վարույթ ընդունելը մեկ տարուց ավելի է տևում:

Գործը վարույթ ընդունելու որոշումից՝ մինչև առաջին դատական նիստի նշանակումը, ևս տևական գործընթաց է՝ պայմանավորված կատարողական գործողությունների ձգձգմամբ (կախված է ԴԱՀԿ-ում գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառման և կատարողական վարույթների ավարտման ժամկետներից):

Կարդալ բոլոր եզրահանգումները

Ծրագրի առաջարկներ

Վերականգնել կոռուպցիոն գործերով խրախուսական նորմերը՝ ավելի երկարացված ժամկետներով (նախկին եռօրյա ժամկետի փոխարեն նախատեսել ավելի երկար ժամանակահատված): ՀՀ քրեական օրենսգրքում սահմանել նոր կարգավորում, որի համաձայն, կաշառք տվող անձինք կարող են ազատվել պատասխանատվությունից, եթե իրենց կամավոր ցուցմունքներով նպաստում են կոռուպցիոն սխեմաների և հանցավոր գործողությունների բացահայտմանը:

Քննարկման առարկա դարձնել հակակոռուպցիոն դատարանի առարկայական ընդդատությանը հանձնված գործերի շրջանակը և վերանայել գործող չափանիշները՝ ապահովելով դրանց օբյեկտիվ բնույթն ու քաղաքականության միասնականությունը։ Քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնակցությամբ որոշ գործերի՝ հակակոռուպցիոն դատարանում քննության հնարավորությունը։

Հստակեցնել դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործընթացի շրջանակում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին հայց հարուցելու առաջարկի ներկայացման ընթացակարգը։ Նպատակահարմար է դատախազության կողմից հայցի հարուցման առաջարկ ստանալուց հետո «ողջամիտ» ժամկետում հայց հարուցելու փոխարեն սահմանել կոնկրետ ժամկետ։

Ապահովել բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության ստացած, սակայն դատավորի պաշտոնում նշանակված անձանց վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունների հրապարակումը։

Դատական գործերի հրապարակայնությունն ու դատական գործընթացների թափանցիկությունն ապահովելու համար արդիականացնել Դատալեքս համակարգը՝ ներդնելով տեխնիկական ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Ապահովել դատական ակտերի հրապարակումը և հանրային հասանելիությունը՝ օրենքով նախատեսված ժամկետներում։

Ապահովել դատավարության մասնակիցներին առնչվող անձնական տվյալների պաշտպանությունը հրապարակված դատական ակտերում։

Քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերի՝ վարույթի առարկայական ընդդատության վերաբերյալ վեճերի լուծմանն առնչվող դրույթները փոխարինել նորերով, որոնք կհամապատասխանեն Սահմանադրության պահանջներին և արտացոլված կլինեն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Վարույթի առարկայական ընդդատության հարցի լուծման գործընթացում ապահովել դատավարության կողմերի մասնակցությունը:

Իրավական երաշխիքներ և վերահսկողության մեխանիզմներ սահմանել՝ վարույթի առարկայական ընդդատության լուծման խնդիրների պատճառով գործերի քննության անհարկի ձգձգումները բացառելու համար:

Ուսումնասիրության առարկա դարձնել հակակոռուպցիոն դատարանի կողմից փորձաքննություններ նշանակելու մասին միջնորդությունների մերժման հիմքերը և հիմնավորումները: Գնահատել միջնորդությունների մերժման ազդեցությունը կողմերի մրցակցայնության վրա:

Վերանայել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ այն լիովին համապատասխանեցնելով մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին:

Վերանայել ուսումնասիրության տասը տարվա ժամանակահատվածին վերաբերող օրենսդրական կարգավորումը և սահմանել հստակ ու հիմնավոր պայմաններ, որոնց դեպքում ուսումնասիրությունը կարող է սկսվել 1991 թ․-ից:

Հստակեցնել հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա քաղաքացիական գործերով հայցային վաղեմության կիրառման ընթացակարգը, մասնավորապես՝ ժամկետների մեկնարկի և ավարտի հաշվարկը, նաև՝ հայց ներկայացնելուց հետո ուսումնասիրության իրականացման իրավական հնարավորությունը (երեք տարվա ժամկետի ավարտից հետո դատարանում ընթացող գործի շրջանակներում ուսումնասիրությունը շարունակելու հնարավորությունը):

Կարդալ բոլոր առաջարկները
icon

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը

2021 թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և հակակոռուպցիոն դատարանը ներդրվեց որպես մասնագիտացված դատարան։ Այս փոփոխությունը միտված էր պայքարելու կոռուպցիայի դեմ՝ ավելի արդյունավետ և կենտրոնացված համակարգի ստեղծման միջոցով։

ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ներկայումս Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից 10-ը մասնագիտացված են ՀՀ Քրեական օրենսգրքի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված գործերով։

info

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի համար ամրագրվել է առնվազն 12 դատավորի թվակազմը, որից առնվազն 6-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործում է 10 դատավորի թվակազմով։

Հակակոռուպցիոն դատարանները պաշտոնապես սկսեցին գործել 2022 թ.: Նորաստեղծ դատարանի նպատակն էր՝ ապահովել կոռուպցիոն գործերի արդար ու անաչառ դատավարություն՝ այդպիսով խթանելով իրավական համակարգի հանդեպ վստահությունը:
Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները, ինչպես նաև` դատախազի կողմից հարուցված՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։

Կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թ․ մարտի 25-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հավելվածով սահմանվել է «Կոռուպցիոն հանցագործությունների ցանկ»-ը՝ առանձնացված կոռուպցիոն հանցագործության տեսակներով:

Մեդիան՝ Հակակոռուպցիոն դատարանի մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի շուրջ 200 միավոր անշարժ գույքի բռնագանձման պահանջ է դրվել, դրանցից 56-ը, ըստ դատախազի, Երևանի կենտրոնում են:

29/04/2024

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում նշեց, որ այն երկրներում, որտեղ կա այս համակարգը, չեն փայլում կոռուպցիայի ցածր ցուցանիշներով:

18/10/2021

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ, հաղորդում է Դատական դեպարտամենտը։

05/04/2024

Վահե Դոլմազյանը եղել է քննիչ, ապա՝ 2015-ից՝ դատախազ։ Դոլմազյանը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատախազը։ Այս պահին նրա վարույթում մի շարք աղմկահարույց քաղաքական հնչեղություն ունեցող գործեր կան։

05/06/2024

․․․ Ընդհանուր առմամբ, Դատախազության գնահատականներով, երկրորդ նախագահն ու իր ընտանիքը պետությանը պետք է վերադարձնեն 20 անշարժ գույք Երևանում, 2 ավտոմեքենա և ավելի քան 54 միլիոն դոլար, և 6 միլիոն դոլարի հասնող տոկոսով տված գումար, արժեթղթեր։

09/12/2024

Ստացվում է՝ թեև 2021 թվականին հայտնի էր, որ ստեղծվելու է Հակակոռուպցիոն դատարան, դրա  գործունեության մեկնարկի պահին՝ 2022-ի օգոստոսի 8-ին, դեռևս մշակված չէր գործերի էլեկտրոնային բաշխման ծրագիր:

15/01/2024

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ․․․եթե դատավճիռն արդարացնող է, մենք պետք է վերադառնանք և հասկանանք՝ այդ դեպքում ինչու ենք մարդկանց այսքան տարի տարել-բերել դատարաններով, և պետք է քննության որակին անդրադառնալ:

23/10/2025

Այս կազմի (Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական գործեր քննող) դատավորներից միայն մեկն է ունեցել դատավորի 2 տարվա փորձառություն, մյուս բոլոր դատավորներն առաջին անգամ դատավոր են նշանակվել Հակակոռուպցիոն դատարանում։

05/06/2024

Ամբաստանյալ Արուսյալ Ալեքսանյանի խոսքով՝ դատավոր Վահե Դոլմազյանը «հասցրել է ապականել դատավորի անմեղության կանխավարկածը, կոպտորեն խախտել նրա պաշտպանության իրավունքը, 2 անգամ ապօրինի կալանավորել է, մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները»։

01/06/2023

Այս կազմի (Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան) որևէ դատավոր նախքան Հակակոռուպցիոն դատարանում նշանակվելը, դատավորի փորձառություն չի ունեցել։

05/06/2024